Քաղաքականություն

ԱՄՆ հետախուզությունը նոր ռիսկեր է տեսնում Իրանում. մանրամասներ

ԱՄՆ հետախուզությունը նոր ռիսկեր է տեսնում Իրանում. մանրամասներ

ԱՄՆ հետախուզական կառույցներում մտավախություն ունեն, որ Թեհրանը նոր ազդեցության լծակ է ձեռք բերել՝ վերահսկելով Հորմուզի նեղուցը, և ապագայում կարող է օգտագործել այն քաղաքական ու տնտեսական ճնշման նպատակով։

Այս մասին հայտնում է CNN-ը:

ԱՄՆ հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ Իրանը վերջին ամիսների ռազմական բախումների ընթացքում ցույց է տվել, որ կարող է խաթարել նավագնացությունը Հորմուզի նեղուցում և լուրջ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը։ Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնը ստիպված է եղել ինտենսիվ բանակցություններ վարել Թեհրանի հետ՝ նեղուցի լիարժեք բաց գործունեությունն ապահովելու համար։

«Փաստորեն, մենք Իրանին փոխանցեցինք նեղուցի նկատմամբ վերահսկողություն, իսկ դա ավելի հզոր զենք է, քան միջուկայինը»,- CNN-ին ասել է աղբյուրներից մեկը՝ նշելով, որ պատերազմը հիմնովին փոխել է Թեհրանի հաշվարկներն այս հարցում։

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Իրանը նաև հասկացել է, որ կարող է ազդեցություն գործադրել՝ հարվածներ հասցնելով Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին, քանի որ արդեն տեսել է, թե նման քայլերն ինչ հետևանքներ կարող են ունենալ։

Բացի այդ, մի շարք աղբյուրներ պնդում են, որ Թեհրանում քննարկում են ևս մեկ տարբերակ՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր պայմանավորվածությունների տապալման դեպքում։ Խոսքը Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիների միջոցով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակման մասին է։ Այդ նեղուցը միացնում է Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին և համարվում է միջազգային առևտրի կարևորագույն ուղիներից մեկը։

Աղբյուրների գնահատմամբ՝ եթե փակվի նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, դա կարող է լուրջ հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային առևտրին, քանի որ այն մասամբ փոխարինում էր Հորմուզի նեղուցը՝ վերջինիս գործունեության սահմանափակման ժամանակ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250