Այսօր Ռուսաստանը հարվածել է իր զինանոցում եղած գրեթե ամեն ինչով․ Զելենսկի

Ռուսական զորքերը դեկտեմբերի 29-ի առավոտյան Ուկրաինային զանգվածային հարված հասցնելու համար օգտագործել են մոտ 110 հրթիռ։ Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել Է Վլադիմիր Զելենսկին։ 


Ուկրաինայի նախագահը խոստացել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «անպայման կպատասխանեն ահաբեկիչներին նրանց հարվածների համար»:


«Ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և առանձնատներ, առևտրային պահեստ, ավտոկայանատեղի։ Կիեւ, Լվով, Օդեսա, Դնեպր, Խարկով, Զապորոժիե եւ այլ քաղաքներ։ Այսօր Ռուսաստանը հարվածել է իր զինանոցում եղած գրեթե ամեն ինչով՝ դաշույններ, С-300, թեւավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր։ Ռազմավարական ռմբակոծիչները գործարկել են X-101/X-505: Արձակվել է մոտ 110 հրթիռ, որոնցից շատերը խփվել են։


Ցավոք, գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով և անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում մարդկանց։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։


Մենք անպայման պատասխան կտանք ահաբեկիչներին նրանց հարձակումների համար։ Եվ մենք պայքարելու ենք մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքի, մեր ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Ռուսական ահաբեկչությունը պետք է պարտվի, և դա հենց այն է, ինչ տեղի կունենա»,- գրել է Զելենսկին։


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 29-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի քաղաքներին՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվելով կրիտիկական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ արդյունքում վնասվել են բնակելի տներ և հասարակական հաստատություններ Կիևում, Խարկովում, Դնեպրում, Լվովում, Օդեսայում, Զապորոժիեում, Կոնոտոպում: Նախնական տվյալներով՝ զոհվել են մեկ տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ, ևս մոտ 100-ը վիրավորվել են:


Քաղաքականություն

Պատահարներ