Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդ կինը մահացավ. նա 4 երեխաների մայր էր
Ամիսներ առաջ շան կծելու հետևանքով վերջերս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երիտասարդ կինն այս գիշեր մահացել է։ Նա Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանը։
«Դեռ սեպտեմբերին էր շունը կծել նրան, բայց չեմ կարող ասել՝ դրանի՞ց է եղել մահը. տարբեր հարցերով ինքը դիմել է հիվանդանոց։ Որևէ խնդիր չէր եղել, վերքը առողջացել էր, փակվել, դրանից հետո մեջքի ցավի բողոքով էր դիմել բժշկի, հետազոտության արդյունքում արյան հետ կապված խնդիր չէին հայտնաբերել, հետո այլ խնդիրներ էր ունեցել։ Ընթացքում պարզվել էր, որ շան կծելու հետևանքով է, ինչ-որ հիվանդություն էր առաջացել, որի ախտանշանները մի քանի ամիս հետո են հայտնաբերվում։ Երկու օրից պետք է դատաբժշկական հետազոտությունը լինի, կիմանանք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ համայնքում թափառող շների հետ կապված խնդիրը առկա է, սակայն նման դեպք առաջին անգամ է գրանցվում․ «Հիմա ես Երևանում եմ, այստեղ էլ շատ են թափառող շները։ Համայնքում փորձեցինք մրցույթ անել, տարեկան նախատեսել էինք 2 միլիոն դրամ, բայց մասնակից չեղավ։ Ով մասնակցեր, նա էլ համայնքի շներին կստերջացներ։ Բոլոր ժամանակներում էլ շների հետ կապված խնդիր ունենք»։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ 44-ամյա կնոջ մոտ առկա է եղել կատաղություն հիվանդություն։