
Ինչ է սպասվում վրացական համարանիշով ավտոմեքենաներին հունվարի 1-ից

Կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։ Որոշմամբ որոշակի արտոնություններ են տրվել ՀՀ–ում արդեն շահագործվող վրացական համարներով ավտոմեքենաների սեփականատերերին։ Պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար՝ 70% չափով։
Վրացական գրանցումով ավտոմեքենաները ՀՀ–ում շահագործելու` կառավարության ընդունած տարբերակը կոմպոմիսային է և ընդունվել է ավտոմեքենաների սեփականատերերի ու ՊԵԿ–ի համատեղ քննարկումների ու փոխզիջումների արդյունքում։ «Վրացական համարներն ընդդեմ պետեկամուտների կոմիտեի» անունը կրող տելեգրամյան խմբի անդամ Տիգրան Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ խմբի անդամները դեռ ամառվանից են փորձում իրենց ձեռնտու լուծումներ գտնել, նույնիսկ կառավարության նիստից առաջ հանդիպել են ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ «Կարելի է ասել՝ առաջարկվող լուծումը 50 տոկոսին գոհացնելու է, 50-ին` ոչ»,– ասել է զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հունվարի 1-ից հետո ուժի մեջ մտնող կարգավորումներին, Մելքոնյանը վստահ է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում վրացական համարանիշներով ավտոմեքենաների թիվը հայաստանյան ավտոճանապարհներին 90 տոկոսով կնվազի։
Բանն այն է, որ ժամանակավոր ներմուծման ընթացակարգը կարող է գործել 1 տարի։ Դրանից հետո ավտոմեքենան չմաքսազերծած վարորդը ստիպված պետք է լինի ավտոմեքենայի մաքսազերծման ամբողջ արժեքի չափով գումար գրավ դնել մաքսային մարմնում։