ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 000 դրամ
Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բազմապատկել կենտրոնում կայանման վճարը․ այժմ, անկախ տարածքից, կայանման տարեկան արժեքը կազմում է 12 հազար դրամ, սակայն ուզում են կենտրոնում, օրինակ, գները բարձրացնել մինչև 160 հազար դրամ։
Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որև Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։
Երևան քաղաքի «Ա» գոտի
• մեկ ժամվա համար առաջարկվում է սահմանել 300 դրամ (մինչև 15 րոպե անվճար),
• յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 դրամ,
• մեկ շաբաթվա համար` 5000 դրամ,
• մեկ ամսվա համար` 18000 դրամ,
• մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմիրերի 31-ը ներառյալ) 160000 դրամ:
Երևան քաղաքի «Բ» գոտի
• յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1000 դրամ,
• մեկ շաբաթվա համար` 2000 դրամ,
• մեկ ամսվա համար` 4000 դրամ,
• մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24000 դրամ:
«Նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ընդ որում՝ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է, որն ունենալու է նաև այլ բաղադրիչներ:
Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է»,-գրել է Կոստանյանը:
Նշվում է, որ բացառություն կկազմեն բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքները։