
Հանգստյան գոտում երեխա է կորել. 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները

Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ»,- ասաց ՆԳՆ խոսնակը:
Shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ Ժամանել են նաև Արարատի մարզային փրկարարական վարչության, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեծ թվով փրկարարներ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։
Մայրը նշել էր, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը «թեքել» ու այլևս չեն տեսել։
Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։