
Լուրջ խնդիր է առաջացնելու․ Քեյանը՝ կայանատեղիների վերաբերյալ փոփոխության մասին

Այս որոշումը չմտածված որոշում է, քանի որ հաշվի չի առնվում այդ գոտիներում բնակվող բնակիչների իրավունքները։ Auroranews-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն՝ անդրադառնալով հարցին, որ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով։
Նրա խոսքով՝ այս փոփոխությամբ մեծ խնդրի առաջ են կանգնելու հենց այդ գոտիների բնակիչներ:
«Երևանի քաղաքապետարանը ցանկացած նմանատիպ սահմանափակումներ կիրառելու մասով պետք է նաև հաշվի առնի տվյալ հատվածում բնակվող քաղաքացիների իրավունքները և դրանք չպետք է ոտնահարվեն։ Սրանով ավելի շատ ոտնահարվում է, բայց այդ մարդիկ այդտեղ ապրում են և չպետք է սահմանափակվի իրենց բնակավայրերում կայանելու հնարավորությունը։ Այսպիսով նրանց նկատմամբ նմանատիպ մոտեցումը ճիշտ չի»,-ասաց նա։
Քեյանի կարծիքով՝ քաղաքապետարանը հերթական հապճեպ որոշումն է կայացրել և «այստեղ միակ նպատակն ավելի շատ գումար հավաքելն է, ոչ թե խնդիր լուծելը»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այսօր տեղեկացրել է, որ Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով։ Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
Նշվում է, որ նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: