Անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել ՌԴ-ի զորամասերից մեկը․ ինչ է կատարվել գիշերը
Նոյեմբերի 24-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Վոլգոգրադի մարզում ոչնչացրել են առնվազն երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, անօդաչու սարքերը փորձել են գրոհել Գորոդիշչենսկի շրջանի զորամասերից մեկը։
«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 16 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 13-ը՝ Ղրիմի թերակղզու, իսկ երեքը՝ Վոլգոգրադի շրջանի տարածքում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Baza-ն պարզաբանում է, որ Գորոդիշչենսկի շրջանի զորամասի ուղղությամբ թռչում էին երեք ինքնաթիռային տիպի անօդաչուներ։ Ալիքի տվյալներով՝ նրանցից մեկն ընկել է ստորաբաժանման տարածքում և պայթել։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական հարվածային համակարգերի գլխավոր տնօրինության ղեկավար, բրիգադային գեներալ Սերգեյ Բարանովը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է ձմռանը անօդաչու սարքերի միջոցով լայնածավալ հարձակումներ իրականացնել ռուսական շրջանների վրա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ղրիմի սահմանամերձ շրջանները ենթարկվելու են հարձակումների։