
ԿԽՄԿ-ն այցելում է Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին․ ներկայացուցչության ղեկավար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին։ Այս մասին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կոմիտեի ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններին և նրանց նկատմամբ վերաբերմունքին։
«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյոք պայմաններ ստեղծվել են, որպեսզի վերջիններս կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Երբ մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք նրանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Տեղի այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-նշել է ղեկավարը։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին,ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին,ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին