Ադրբեջանի ռազմական ներուժն ամենազուսպ գնահատականներով՝ ՀՀ և Արցախի ներուժին գերազանցում էր 6 անգամ. Դավիթ Տոնոյան

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ: Այս մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է 168.am-ին՝ իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանելով լրատվամիջոցի հարցերին:

 

«Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու: Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»,– ասել է Տոնոյանը:

 

Նախկին նախարարը, անդրադառնալով դիտարկմանը, որ իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ 2020թ. պատերազմի ավարտին հաջորդած ժամանակաշրջանը ցույց է տվել, որ մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այնուհետև դրա խորքային պատճառներից մեկը համարել է այն, որ «1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերևույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և, ի վերջո, ՀՀ-ում ռազմական ներկայությամբ», պատասխանել է, որ Ադրբեջանի ռազմական ներուժն ամենազուսպ գնահատականներով՝ ՀՀ և Արցախի ներուժին գերազանցում էր 6 անգամ, այսինքն, 3 անգամ ավելին, քան մենք կարողացել էինք կամ ունակ էինք դիմակայելու: 

 

«Ավելորդ չէ նաև նշելը Թուրքիայի կարողությունների գումարումն Ադրբեջանի ռազմական ներուժին: Բայց, այնուամենայնիվ, վերոհիշյալ պայմաններում.
 

– Մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը հայկական զինված ուժերը կռվել են, կազմակերպված նահանջել են, բայց չեն փախել,

 

– Ամեն ինչ արել են դաշնակցից աջակցություն ստանալու նպատակով և փաստացի զգալի չափերով ստացել են,

 

– Արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ապահովել են դաշնակցի ԶՈՒ-ի ներկայությունն Արցախում, որն առաջին հերթին ու հիմնականում պահանջված է եղել Արցախի իշխանությունների և մերձիշխանական ուժերի կողմից, և դա անհերքելի փաստ է»,– ասել է նա:

 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ «հայկական ուժերի կողմից զբաղեցրած բնագծերը, հակառակորդի կողմից ձեռք բերված գերժամանակակից սպառազինության առկայության և ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում բավարար չէին կայուն պաշտպանություն կազմակերպելու համար:

 

Դրա ապացույցն է այն, որ 2016, 2020, 2021-2023 թվականներին րոպեների ընթացքում բարձր ճշգրտությամբ թիրախավորվեցին Արցախի կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան և մի քանի տեղերում ճեղքվեց առաջնագիծը»:

Քաղաքականություն