ՑԱԽԱԼ–ը մի քանի կողմից շրջափակել է Գազան. Իսրայելի բանակի շտաբի պետ

Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին ասել է, որ իսրայելական զորքերը գործում են Գազա քաղաքի ներսում և մի քանի կողմերից շրջապատում են այն։ Նրա խոսքով՝ ցամաքային գործողության ընդլայնումից հետո սպանվել է 18 իսրայելցի զինվոր։ 

«Մենք անցել ենք պատերազմի ևս մեկ կարևոր փուլ: Իսրայելական ուժերը գտնվում են հյուսիսային Գազայի հատվածի սրտում, գործում են Գազա քաղաքում, շրջապատում են այն, խորացնում ցամաքային հարձակումը և հասնում հաջողության»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը, որի խոսքերը մեջբերում է Times of Israel թերթը: 

Իր խոսքով՝ ՑԱԽԱԼ–ը կռվում է խիտ բնակեցված և բարդ քաղաքային տարածքում: «Ցամաքային զորքերն ուղեկցվում են ճշգրիտ հետախուզությամբ, օդային և ծովային կրակով»,- հավելել է նա։ 

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը հոկտեմբերի 27-ի երեկոյան մտել են Գազայի հատված։ Հոկտեմբերի 31-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց պատերազմի երրորդ փուլին անցնելու և Գազայի հատվածում ցամաքային զորքերի ավելացման մասին։ Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնել են, որ Գազայի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնագիծը։

Քաղաքականություն