Նիկոլ Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար ստեղծված ԱԱԾ ստորաբաժանման մասին

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է։ Այն գործում է նոյեմբերի 1–ից։

 

Ըստ վարչապետի` ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծված ստորաբաժանման գործառույթը պետք է լինի ՀՀ–ով անցնող տարաշրջանային և միջազգային ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս ենթակառուցվածքներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։

 

«Բոլորովին վերջերս մենք ներկայացրեցինք մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։ 

 

Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումը արդեն ստեղծված է։ Իհարկե, նախկինում այդ ուղղությաբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև դա կար մեր պլաններում։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումը արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու երեկնվանից սկսել է իրա աշխատանքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ԱԱԾ հատուկ այս ստորաբաժանման մասին։

 

 

 

 

Քաղաքականություն