Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնում է 2024 թվականի բյուջեի նախագծի ֆինանսական ցուցանիշները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում:

 

«Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով դինամիկան ըստ տարիների` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»,- նշեց նախարարը։

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն էլ մի քանի հարց ուղղեց Ժաննա Անդրեասյանին։ Մասնավորապես, նա հարցրեց․ «առանց այն էլ Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել»։  

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ ««Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ քննարկումները միշտ եղել են այնպես, որ պետք է Երևանին մոտ տեղակայված լինի»։ 

 

«Ոչինչ չի փոխվել, երևանամերձ տարածքում, որը մի քանի մարզի հատման կետում է, ունենալու ենք  նոր ենթակառուցվածք, որն անպայման բերելու է մարզերի զարգացմանը», - հավելեց նախարարը:

 

Անդրեասյանի խոսքով` նախատեսվում են տրանսպորտային նոր ենթակառուցվածքների նախագծում: «Ես գտնում եմ, որ սա էականորեն բեռնաթափելու է քաղաքը, որովհետև մենք շատ մեծ ծավալի գործունեություն տեղափոխելու ենք երևանամերձ տարածք», - նշեց նա։ 

 

Հիշեցնենք` Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը:

 

 

 

 

Քաղաքականություն