Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

 

Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին:

 

«Երևանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք վերջին տարիներին քննարկվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այն զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և, մեր խորին համոզմամբ, կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի կայունացմանը, տարանցիկ և լոգիստիկ ներուժի բացահայտմանը»,-ասել է Զախարովան:

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էին կայացրել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց:

 

«Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակի գնահատման, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցությունների օպտիմալ նախագծերի ընտրության մի մասը։ Հաջողվել է ընդհուպ մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին»,-ասել է Զախարովան։

 

Նա ափսոսանքով է նշել, որ այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Նրա խոսքով՝ ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա Ռուսաստանը չէ։

 

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների հիման վրա: Այնտեղ հստակ նշված է Ռուսաստանի դերակատարումը»,- ընդգծել է Զախարովան:

 

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու լավ հարթակ է տարածարջանային խորհրդատվական «3+3» ձևաչափը: Նա հույս է հայտնել, որ 2024 թ. Թուրքիայում նախատեսված հանդիպմանը կքննարկվեն տրանսպորտային հարցեր:

 

«Այս ձևաչափում Երևանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն»,- եզրափակել է Զախարովան:

 

Քաղաքականություն