«Ֆրանսիան բարոյական իրավունք չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Մալակի՝ ՀՀ-ում հնչեցրած հայտարարության մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցին՝ կապված Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարության հետ։
Ավելի վաղ Մալակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:
Հաջիզադեն ֆրանսիացի նախարարին մեղադրել է «կողմնակալության» համար:
«Ադրբեջանը քաջ գիտակցում է «իր տարածքում» գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում։ Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները օտարած երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում Ադրբեջանի «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո, «անհիմն են», ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ «Ադրբեջանի տարածքում» գտնվող մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը», որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է անկախ դրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել «Ադրբեջանի ներքին գործերին» և վերջ դնել նման «սադրիչ» հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...