
Արցախի ներկայացուցչությունը՝ Շահրամանյանի առաջիկա հրապարակային ելույթի մասին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Արցախի ներկայացուցչությունից:
«Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-լրատվամիջոցին փոխանցել են Արցախի ներկայացուցչությունից:
Նշենք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչություն իրենց խնդիրները գույքագրվում են, որպեսզի դա փոխանցվի ՀՀ կառավարությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության շենքի բակում Սամվել Շահրամանյանը՝ դիմելով հավաքված արցախցիներին, ասել էր հետևյալը.
«Արցախի Հանրապետությունը չի լուծարվել: Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես հանրային ձեւով տալու եմ Հանրային հեռուստատեսությամբ:
Դրա նախապատրաստման մասով ես արդեն իմ ցուցումը տվել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եվ այդ փաստաթղթին, եւ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունները կանգնել են, եւ գիտեք՝ որտեղ է կանգնել:
Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմնայինք, որ մենք կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչեւ վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Մեկ ժամ հետո կմտնեին քաղաք, կնին ու երեխա կփրթեին»: