
Ինչո՞ւ Երևանի մանկապարտեզները չեն կարողանում ընդունել Արցախից տեղահանված երեխաներին. պարզաբանում

Արցախից բռնի տեղահանված և Երևանում ժամանակավորապես ապրող ծնողների 80-90 տոկոսը չեն կարողանում իրենց 2 տարեկան երեխաներին տեղավորել մանկապարտեզների կրտսեր խմբերում։ Այս մասին «Հայաստանի մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի Արցախի երեխաներին» քննարկման ժամանակ ասաց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Մարիամ Աբրահամյանը։
Նա նշեց, որ անձամբ իր երեխաներին փորձել է Երևանում տեղավորել մանկապարտեզ, որովհետև պետք է աշխատանք գտնի։ Դիմել է Արաբկիր վարչական շրջանի բոլոր պետական մանկապարտեզներին, որտեղ կան կրտսեր խմբեր։ Բոլոր տեղերում նույն պատասխանն են տվել` ազատ տեղեր չկան, պետք է հերթագրվել ու սպասել հերթին, քանի որ լիցենզիայով նախատեսված տեղերը սահմանափակ են։
«Դիմեցի ԿԳՄՍՆ, ասացին, որ խնդիրն իրենց լիազորությունների շրջանակում չէ, պետք է դիմել քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանից էլ ասացին, որ կարգն այդպիսին է, պետք է հերթագրվել ու սպասել հերթին։Հետո հասկացանք, որ խնդիրը համատարած է։ Երևանի մանկապարտեզների կրտսեր խմբերում ազատ տեղեր չկան։ Իսկ հերթագրվելուց հետո սպասումը կարող է տարիներ տևել»,–ասաց նա։
Մարիամը սոցցանցերում գրառում է արել, որը բավականին տարածվել է։ Մասնավոր մանկապարտեզներն արձագանքել են, որ կարող են անվճար ընդունել երեխաներին։ Համայնքապետարանից ևս կնոջ հետ կապ են հաստատել խնդիրը լուծելու համար։ Նրան առաջարկվել է երեխաներին ժամանակավորապես տեղավորել մասնավոր մանկապարտեզում, և երբ երեխաների տարիքը լրանա մանկապարտեզի միջին խումբ տեղափոխվելու համար, արտահերթ կընդունեն պետական մանկապարտեզ։
Սակայն Մարիամը հասկանում է, որ միայն իր երեխաների խնդրի լուծմամբ համընդհանուր խնդիրը չի լուծվելու, ուստի որոշել է բարձրաձայնել խնդրի մասին։
Քննարկմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ Երևանում գործում է 162 մանկապարտեզ, որտեղ հաճախում են շուրջ 26.500 երեխաներ, իսկ մինչև Արցախից բնակչության բռնի տեղահանումը մանկապարտեզներ ընդունվելու հերթում սպասում են 8300 երեխաներ։
«Այս տարիքային խմբի մասով Երևանում իսկապես կա խնդիր։ Քանի որ 162 մանկապարտեզից միայն 70 մանկապարտեզներում են ձևավորված կրտսեր առաջին խմբեր։ Ի տարբերություն ավելի բարձր տարիքային խմբերի խտության, որտեղ կարող է հաճախել 30 երեխա, կրտսեր առաջին խմբերում կարող է հաճախել 20 երեխա։ Այդ է պատճառը, որ մենք չենք կարողանում աջակցել 2 տարեկան երեխաներին մանկապարտեզ տեղավորելու գործում»,–ասաց նա։
Անդրադառնալով մյուս տարիքային խմբերում կատարված ընդունելությանը` Հարությունյանը նշեց, որ Արցախից եկած շուրջ 500 երեխաներ արդեն իսկ հաճախում են Երևանի մանկապարտեզներ։
Նրա խոսքով` լինում են դեպքեր, որ կոնկրետ վարչական շրջանում գործող մանկապարտեզներում, որտեղ ծնողը բնակվում է, չկան ազատ տեղեր։ Այդ դեպքում ծնողին ուղղորդում են հարևան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկը, որտեղ տեղ կա։
Հարությունյանը շեշտեց, որ լիցենզիայով սահմանված տեղերը հենց այնպես չեն ստեղծվել, դա զուտ բյուրոկրատիա կամ թվաբանություն չէ, այլ հստակ կրթական միջավայր, որն անհրաժեշտ է ապահովել երեխաների համար։
Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ մասնավոր մանկապարտեզներում այժմ ընդունվել են Արցախից բռնի տեղահանված 85 երեխաներ, որոնցից 90 տոկոսը հաճախում են անվճար, իսկ 10 տոկոսը զգալի զեղչերով։