Ավարտվել է Աջապահյանի գործով նախաքննությունը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հայտնել են, որ նրա նկատմամբ քրեական վարույթով նախաքննությունն ավարտ է հայտարարվել.


«Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ ծանուցումն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.:


Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնում:


Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան:


Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:


Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:


Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»:

Քաղաքականություն