Քաղաքականություն

Առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ․ Իրանի ԱԳՆ

Julya
Առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ․ Իրանի ԱԳՆ

Դիմադրության ճակատի առաջնորդները թույլ չեն տա, որ Իսրայելը տարածաշրջանում իր ուզած գործողություններն իրականացնի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հավելելով, որ առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Աբդոլլահիանը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի դիմադրության ճակատ ասելով, սակայն այդ տերմինը կարող է վերաբերել Իրանի, պաղեստինյան զինյալների, Սիրիայի, լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և այլ խմբավորումների միջև դաշինքին, նկատում է sky.com-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարն այս համատեքստում անդրադարձել է դիմադրության ճակատի առաջնորդների, այդ թվում՝ Լիբանանի «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի հետ վերջին օրերին իր հանդիպումներին:

 

««Հըզբոլլահ» կուսակցության ղեկավարության առջև դրված են բոլոր հնարավոր տարբերակներն ու սցենարները։ Նրանց հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է հաշվի առնվել, և դիմադրության առաջնորդները թույլ չեն տա սիոնիստական ռեժիմին որևէ քայլ ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած կանխարգելիչ միջոց»,- ասել է Աբդոլլահյանը։

Նրա խոսքով՝ դիմադրության ճակատի բոլոր առաջնորդները հնարավորություն կտան հասնելու քաղաքական լուծման, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե խաղաղ բնակչության դեմ Իսրայելի հանցագործությունները շարունակվեն:

«Մենք փորձում ենք չընդլայնել պատերազմի շրջանակը, սակայն դիմադրության ճակատը կփոխի Իսրայելի աշխարհագրական քարտեզը, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն»,- հավելել է նա։

Անդրադառնալով որոշ իսլամական երկրների գործընկերների հետ իր հեռախոսազրույցներին՝ Աբդոլլահիանն ասել է, որ իրենք եկել են այն եզրակացության, որ «եթե ՄԱԿ-ի ունեցած սահմանափակ հնարավորությունները չօգտագործվեն, ռեժիմի դեմ նոր ճակատներ բացելու հնարավորությունն անխուսափելի է»։

Ինչպես նշել է նախարարը, Իրանը չի կարող անտարբեր մնալ «Գազայի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների» նկատմամբ և, դիմելով ԱՄՆ-ին, կոչ է արել դադարեցնել ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ՝ «երեսպաշտական ուղերձներ» ուղարկելու փոխարեն։

Խոսելով ռազմական հակամարտության մեջ Իրանի մտնելու հավանականության մասին՝ արտգործնախարարը նշել է, որ «ցանկացած հնարավորություն կարելի է պատկերացնել»։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները Գազայի հատվածից սկսել են «Ալ-Աքսա փոթորիկ» զանգվածային օպերացիան ընդդեմ Իսրայելի։ Գործողությունը համարվում է աննախադեպ Իսրայելի 75-ամյա պատմության մեջ։ Երկու կողմից կան հազարավոր զոհեր ու վիրավորներ

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250