ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից Հայաստան եկած բուժառուները կարող են հայտնվել դրսում. «Հետք»
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էին հավաքվել Արցախից Հայաստան եկած այն բուժառուներն ու նրանց հարազատները, որոնք շրջափակման օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հաայաստանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել։ Նրանց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցներից, բայց պարբերաբար հետազոտություններ է անցնում։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
Ըստ բուժառուների՝ Արցախի Կառավարությունը փոխհատուցել է նրանց կացության համար և տեղավորել Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Սպիտակ տուն» հյուրանոցում։
Հյուրանոցն արցախցի բուժառուների ու նրանց հարազատների համար որպես կացարան ծառայել է շրջափակման առաջին իսկ օրերից, երբ Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից բուժառուներն ու նրանց խնամակալները գալիս էին Երևան։
Երկու շաբաթ առաջ հյուրանոցի տնօրենը հանդիպել է արցախցիներին ու ասել, որ այսուհետ չի կարող հյուրանոցում տեղ տալ, քանի որ Կառավարությունն այլևս չի փոխհատուցում նրանց կացության համար։
Նախորդ շաբաթ արցախցի բուժառուներն ու նրանց հարազատները գնացել են Հայաստանի Կառավարություն՝ պարզելու իրենց ճակատագիրը։
Կառավարությունից հանգստացրել են, թե մտահոգվելու կարիք չկա, քանի որ իրենց կացության հարցերը լուծվելու են, բայց հյուրանոցի տնօրեն Կարեն Օսպիյանից իմացել են, որ Կառավարությունը հյուրանոցին չի փոխհատուցել։ Ուստի, այսօր կրկին եկել էին Կառավարություն՝ ճշտելու, թե ուր պետք է գնան։
Հյուրանոցի տնօրեն Կարեն Օսիպյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ սեպտեմբերի 24-ից մինչև հիմա իր հյուրանոցում բնակվող արցախցի բուժառուները հյուրանոցի հաշվին են ապրում։ Մինչ այդ՝ անցած տարվա դեկտեմբերից, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը, Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխված բուժառուներն ու իրենց հարազատերը բնակվել են հյուրանոցում, որի համար պետությունը փոխհատուցել է մասամբ։ Հունիսին փոխանցել են գումարի 40 տոկոսը միայն։ Այս պահին 18-սենյականոց հյուրանոցում ժամանակավոր բնակվում է 24 արցախցի բուժառու և բուժառուի հարազատ (խնամակալ)։
Կառավարության շենքի մոտ արցախցիների հետ էր նաև հյուրանոցի տնօրենը։ Հավաքվածներին Կառավարությունից տեղեկացրին, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը պետք է հանդիպի փոխվարչապետի հետ՝ քննարկելու նաև արցախցի բուժառուների կացության հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ստացել ենք աղբի վերամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նոր աղբավայր կառուցելու ծրագրին, տեղեկացնելով, որ ստացվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հումանիտար օգնության հսկայական շարասյունը սպասում է Եգիպտոսից Գազա մտնելուն
Հումանիտար օգնության հսկայական շարասյունը, որն ուղարկվել է ինչպես մուսուլմանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուվրի թանգարանի այցելուները տարհանվել են ռումբի մասին ահազանգի պատճառով
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրադրությունում Շահրամանյանը արցախցի ցուցարարների հետ փակ հանդիպում է անցկացնում
Մի խումբ արցախցիներ հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։  ...