
«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտներ չկան». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում պատճառներ, որոնք հիմա՝ Ղարաբաղում իրադարձություններից հետո, կարող են խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ «Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանի մաս դարձավ նախորդ տարի Հայաստանի կողմից ճանաչվելուց հետո։ Նախկինում Բաքուն և Երևանը բազմիցս մոտ են եղել համաձայնության, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարին, բայց միշտ խնդիրը եղել է կարգավիճակը: Այժմ որևէ խոչընդոտ չկա Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար»։
«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է: Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ կան զուտ տեխնիկական բնույթի հարցեր՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ:
«Դրանք տեխնիկական հարցեր են՝ 100 մետր՝ այս կողմ, 1 կիլոմետր՝ այն կողմ. դա արդեն կարևոր չէ: Կարծում եմ՝ երկու կողմից էլ բարի կամքի դեպքում այդ ամենը հնարավոր է անել», - հավելել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Պուտինն այսօր Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ։
Պուտինը սկզբի համար առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել Մոսկվայում:
Նրա խոսքով՝ վերջնարդյունքը պետք է խաղաղության համաձայնագիրը լինի:
Հավելենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Բաքվի դիրքորոշումը «միանգամայն կառուցողական է»։ «Բաքուն այդ հարցում շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը՝ դեռ վերջնական չի կողմնորոշվել, սպասում ենք արձագանքի», - ասել է Պեսկովը։