Էկոնոմիկայի նախարարությունն Արցախից տեղահանված գործարարների համար ծրագրեր է մշակել

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի, ծրագրեր են մշակել ու ներկայացրել կառավարություն:

 

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Նա հստակեցրեց, որ մի քանի նոր ծրագրեր կլինեն, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ․

 

«Այս ծրագրերը գործում են նաև հայաստանյան արտադրողների համար, որը տնտեսության արդիականացման միջոցառում է: Ըստ էության խոսքը վարկավորման արտոնյալ պայմանների մասին է։ Նախարարությունը միչև 10 տոկոսի շրջանակում սուբսիդավորում է վարկեր և լիզինգ՝ մեքենասարքավորումներ տրամադրելու համար։ Վարկերն ու լիզինգը տրամադրվում են այն արցախցիներին, որոնք պատրաստվում են մեքենասարքավորումներ գնել»,- հայտնեց փոխնախարարը։

 

Գևորգյանի փոխանցմամբ՝ ծրագրերից կարող են օգտվել շինարարության, մշակող արդյունաբերության ոլորտներով բիզնես հետաքրքրություն ունեցող ԼՂ-ից բռնի տեղահանված տնտեսվարողները։

 

Փոխնախարարը նաև նշեց, որ կառավարությանը ներկայացված ծրագրերից մեկը վերաբերում է զբաղվածության ապահովմանը:

 

Ըստ նրա՝ այն մարդիկ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում, օրինակ, գուցե զբաղվել են ապրանքների, ծառայությունների առևտրով, հնարավորություն կստանան Հայաստանում որպես աշխատուժ ներգրավվել տարբեր գործարարների մոտ, որոնք այս պահին աշխատուժի մեծ սղություն ունեն:

 

Բացի այս, էկոնոմիկայի նախարարությունը ծրագիր ունի նաև այն տեղահանվածների համար, որոնք ցանկանում են գյուղատնտեսությամբ զբաղվել։

Քաղաքականություն