Իսրայելն Արցախի հարցում գաղտնի օգնել է Ադրբեջանին. ԶԼՄ
Իսրայելը սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ հզոր զենք մատակարարելով՝ գաղտնի աջակցում էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի արշավին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով փորձագետներին և հայ պաշտոնյաներին։
Ադրբեջանի մարտերը սկսելուց ընդամենը շաբաթներ առաջ ադրբեջանական ռազմական բեռնատար ինքնաթիռները բազմիցս թռչում էին Իսրայելի հարավային ավիաբազայի և Լեռնային Ղարաբաղի մերձակայքում գտնվող օդանավակայանի միջև, համաձայն թռիչքների հետագծման տվյալների: Այս մասին հայտնում է Rambler-ը։
Թռիչքները անհանգստացրել են Երևանին, որը վաղուց զգուշանում է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքից:
«Մեզ համար լուրջ խնդիր է, որ իսրայելական զենքը կրակում է մեր ժողովրդի վրա»,- գործակալությանն ասել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։
Դիվանագետն ասել է, որ վերջին շաբաթներին ինքը մտահոգություն է հայտնել իսրայելցի քաղաքական գործիչներին և օրենսդիրներին Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ։
«Ես չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը չի կարող գոնե որոշակի մտահոգություն հայտնել իրենց հայրենիքից վտարված մարդկանց ճակատագրի վերաբերյալ»,- ասել է Հակոբյանը։
Փորձագետները, որոնց հետ զրուցել է AP-ն, կարծում են, որ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից օգտագործված ծանր հրետանին, հրթիռային կայաններն ու անօդաչու սարքերը հիմնականում տրամադրվել են Իսրայելի և Թուրքիայի կողմից: Իսրայելի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել:
Գործակալությունը նշում է, որ Իսրայելը մեծ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա, որը նավթի ամենակարևոր աղբյուրն է և «հավատարիմ դաշնակիցը Իսրայելի երդվյալ թշնամու՝ Իրանի դեմ պայքարում»։ Բաքուն նաև ժամանակակից զենքի շահութաբեր գնորդ է։
Ադրբեջանը ապահովում է Իսրայելի նավթի կարիքների առնվազն 40 տոկոսը, ըստ AP-ի: Փորձագետների կարծիքով, 2016-2020 թվականներին Իսրայելի մատակարարումները ապահովել են Ադրբեջանի զինանոցի գրեթե 70 տոկոսը, ինչը Բաքվին առավելություն է տալիս Երևանի նկատմամբ և խթանում Իսրայելի մեծ պաշտպանական արդյունաբերությունը: