Հայտնի է, թե բռնի տեղահանված քանի երեխա է հաճախում դպրոց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:
Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Այս թիվը չի փոփոխվել նախորդ թողարկումից հետո: Իսկ հաշվառված անձանց թիվը կազմում է 98 216:
ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց: Տեղաբաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝ Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երևանում՝ 2048: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին աշակերտների թիվը կավելանա, և կապահովվի ՀՀ-ում գտնվող բոլոր դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը: Ըստ նախարարի՝ երեխաները հընթացս ապահովվում են նաև գրենական պիտույքներով, կարգավորվում է դասագրքերի հարցը: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դասագրքերը տրամադրվում են անվճար՝ դպրոցների կողմից:
Կրթաթոշակային ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեկնարկում է նաև ուսանողների աջակցության ծրագիրը: Ուսանողների կրթության ֆինանսավորման հարցի կապակցությամբ մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր. կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, տվյալ մասնագիտության ուսման վարձի համեմատ:
«Կարգավորել ենք բոլոր այն դեպքերը, երբ գրանցվում են կրթական ծրագրերի, կրեդիտների տարբերություններ. այս բոլոր դեպքերի պարագայում մեր ուսումնական հաստատությունները տեղյակ են, որ պետք է կցագրեն ուսանողներին, ու սա իրականացվում է՝ նաև առանց լիցենզիոն տեղերի սահմանափակումը հաշվի առնելու: Կրթաթոշակի չափի որոշման համար հիմք ենք վերցրել պետական բուհերում տվյալ մասնագիտությամբ ուսման միջին վարձի չափը: Սա լինելու է կրթաթոշակի առավելագույն չափը, որը պետությունը փոխհատուցելու է: Առաջին կիսամյակից հետո, երբ ուսանողները կցուցաբերեն որոշակի առաջադիմություն, կրթաթոշակի բազային չափը կավելանա բոլոր այն ուսանողների համար, որոնք կունենան բարձր առաջադիմություն: Այս կարգն արդեն շրջանառության մեջ է. կարծում եմ՝ եկող շաբաթ կմեկնարկենք ֆինանսական աջակցության այս սխեման, ու ըստ այդմ՝ մեր ուսանողների կրթության շարունակականությունն ապահովված կլինի նաև ֆինանսական տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ` հավաքագրվում են նաև տվյալներ այն ուսանողների վերաբերյալ, որոնք կրթություն են ստանում Հայաստանի բուհերում, և նրանց ֆինանսավորումն իրականացվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:
«Ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել ԼՂ հաստատություններում և այս պահին ունի կրթության ընդհատման խնդիր: Ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է ԼՂ կառավարության կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Առաջիկայում նաև այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,- եզրափակել է նախարարը:
Կգործարկվի էլեկտրոնային հարթակ՝ ուսուցիչների թափուր հաստիքների վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման հետ կապված Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության համակարգում առկա է 1790 թափուր աշխատատեղ, որից 1450-ն ուսուցչական թափուր տեղեր են: Նա ընդգծել է, որ էլեկտրոնային տարբերակով այս տեղեկատվությունը հասանելի կդառնա:
«ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: Սակայն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Այս տարբերակին գնացել ենք, որպեսզի գործընթացն ավելի պարզ լինի»,- ներկայացրել է նախարարը:
Նա տեղեկացրել է նաև, որ գործուղման առավելագույն ժամկետը 2 տարի է: Ուսուցիչները հնարավորություն կունենան այս ժամանակահատվածում հարմարվել, տեղավորվել իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելու և իրենց պլանների մասին հեռանկարային որոշումներ կայացնելու համար:
Թափուր տեղերի համալրման գործընթացը կլինի արտամրցութային: Համալրումը տեղի կունենա գործուղման տարբերակով, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար: Նախատեսվում է հոկտեմբերի 10-ից հարթակը հասանելի դարձնել, որի միջոցով ուսուցիչները կկարողանան տեսնել թափուր հաստիքները և դիմել աշխատանքի համար:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի...
«Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին». Փաշինյան
Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին,...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա...