ՀԱԷԿ–ում շարունակում են աշխատանքները միջազգային չափորոշիչներն ապահովելու համար. Սանոսյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեության ողջ ընթացքում պարբերաբար աշխատանքներ են տարվում` ատոմակայանի անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա խոսեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն (ՄԱԳԱՏԷ) ուղղված Թուրքիայի պահանջի մասին, թե ՀԱԷԿ–ի գործունեությունը պետք է դադարեցվի։

 

Նշենք, որ Թուրքիան ասել էր նաև, թե Հայաստանի ատոմակայանն անվտանգ չէ, քանի որ կառուցվել է ԽՍՀՄ տարիներին։

 

Սանոսյանը շեշտեց` ատոմակայանը շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր կայան, բայց ատոմակայանների հետ կապված գործընթացները բավական պարզ ու հստակ են։ Այսինքն` կան չափորոշիչներ, և կան խմբեր, մասնագետներ, որոնք պետք է փաստեն՝ արդյոք այդ կայանը համապատասխանում է չափորոշիչներին, որից հետո կարող է որոշվել՝ այդ կայանը կաշխատի, թե ոչ:

 

«Վստահեցնում եմ` դեռևս 1993-ից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը, որոշ ուղղություններով էլ մինչև 2031 թվականը աշխատելու լիցենզիա: Վերջերս կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում, համաձայն որի առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որոնք արդեն նախանշված են, որպեսզի ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի մինչև 2036 թվականը»,-ասաց Սանոսյանը:

 

Նա ընդգծեց` հայկական ատոմակայանում ամեն ինչ նոր է, ու կատակեց` բացի աշխատակիցներից։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ աշխատակիցների պարագայում երևի ճիշտ է, որ նոր չլինեն, քանի որ այնտեղ պետք են փորձառու, լավ մասնագետներ, որոնք տիրապետում են իրենց աշխատանքին։

Սանոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ-ում հյուրընկալել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին, շրջայց իրականացրել ատոմակայանում, որը դրանից հետո շատ դրական արձագանք էր տվել ՀԱԷԿ–ի աշխատանքի մասով։

 

Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տանում նոր էներգաբլոկի կառուցման շուրջ, փորձում են ուսումնասիրել համաշխարհային փորձը, առկա տեխնոլոգիաները, էներգետիկ համակարգի համապատասխանությունը առաջարկվող տարբերակներին: Նախարարը վստահեցրեց` բավականին ակտիվ աշխատանք է տարվում, և լուծումները հերթականությամբ կգտնեն: