«Մենք ՌԴ–ին առաջարկել ենք Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել». Կիրակոսյան
Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք ՌԴ–ին առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը նաև հնարավորություններ է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն մտահոգությունների համար, որոնք որոշ գործընկերներ կարող են ունենալ»,– նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` եթե անգամ ռուսական կողմը չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, ապա, միևնույնն է, անիմաստ է խոսել ՌԴ նախագահի` Հայաստան այցելելու դեպքում հնարավոր ձերբակալության մասին։
«Գործող նախագահները, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով»,– ասաց Կիրակոսյանը։
Վերադառնալով համաձայնագրի թեմային` նա հայտնեց, որ դեռ ամիսներ առաջ` ապրիլին, ռուս գործընկերներին համապատասխան առաջարկն արվել է, համաձայնագրի տեքստն ուղարկվել է, սպասում են պատասխանին։
«Եթե անգամ խնդիրներ կան, լուծումներ էլ կան»,– նշեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովո...
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով. 1.ֆինանսական տ...
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համ...