Ադրբեջանը պետք է կատարի խոստումը. Փաուեր

ԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք անխախտելի սկզբունքներ են: Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:
 

«Մենք նորից շատ հստակ նշում ենք, ինչպես դա արվել է նաև ՄԱԿ-ում, մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները: Բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»,-ասել է ԱՄՆ ՄԶԳ տնօրենը: 

 

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի՝ գնահատելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները: 

 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները, Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը»,-ասել է Փաուերը:
 

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շատ կարևորել է, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: «Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում և հումանիտար ներկայություն լինի, որ տեսնեն, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները, և այդ կառույցները կարողանան հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը»,-ասել է Փաուերը:
 

Իր խոսքով՝ Ադրբեջանը պետք է լիարժեք և մշտապես բացի Լաչինի միջանցքը ուղևորափոխադրումների, կոմերցիոն փոխադրումների և հումանիտար փոխադրումների համար: Իսկ ԼՂ բնակիչներին պաշտպանելու  վերաբերյալ խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ ու գալ, երբ դեղորայքի և սննդի պաշարները չեն կարողանում հասնել բնակավայրեր: «Եվ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է ԱՄՆ ՄԶԳ-ն, պետք է մուտք ունենան, որ առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն ցուցաբերեն»,-շեշտել է Փաուերը:

Պատահարներ