«Հացահատիկը չի կարող պատերազմի գործիք լինել». Հունգարիայի գյուղատնտեսության նախարար

Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նագին, մեկնաբանելով Ուկրաինայից ասիական և աֆրիկյան երկրներ հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը, ասել է, որ հացահատիկը չպետք է դառնա պատերազմի տարր։ Այս մասին նա ասել է Vilag Gazdasag ամսագրին տված հարցազրույցում․

 

«Միջազգային հանրության բոլոր մասնակիցները պետք է հասկանան, որ հացահատիկը չի կարող պատերազմի գործիք լինել։ Դրա բացակայությունը սով է առաջացնում, ինչը հանգեցնում է նոր պատերազմների»,-ասել է նա։

 

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ հացահատիկը մատակարարվի այն վայրեր, որտեղ այն կյանքի աղբյուր է։ Նա նշել է, որ եթե աղքատ երկրներում հացահատիկի պակաս լինի՝ կարող է սով առաջանալ, ինչը կհանգեցնի միգրացիայի նոր ալիքների և անկանխատեսելի հետևանքների․

 

«Եթե հացահատիկը չկարողանա այլ ճանապարհով գնալ, ապա եվրոպական ներքին շուկան լիովին կտուժի»,-ասել է Նագին:

Նա նաև նշել է, որ Հունգարիան արգելք է դրել Ուկրաինայից հացահատիկի, ինչպես նաև 20 տեսակի գյուղմթերքների ներմուծման վրա, քանի որ դրանց ցածր գներով մատակարարումները վնասում են տեղի ֆերմերներին։