
Իլոն Մասկը նշել է, որ Starlink-ը չի ստեղծվել անօդաչու սարքերը ղեկավարելու համար

Starlink արբանյակային ինտերնետը ստեղծվել է սերիալներ դիտելու, այլ ոչ թե դրոններ ուղղորդելու համար: Այս մասին հայտարարել Է ամերիկացի գործարար Իլոն Մասկը կենսագրության մեջ, որի հատվածները, Ria.ru-ի փոխանցմամբ, մեջբերել է CNN հեռուստաալիքը:
«Ինչպես հայտնվեցի այս պատերազմում։ Starlink - ը նախատեսված չէր պատերազմների համար: Այն ստեղծվել է, որպեսզի մարդիկ կարողանան դիտել Netflix - ը, հանգստանալ, հեռավար սովորել և լավ խաղաղ բաներ անել, այլ ոչ թե դրոնների հարվածների համար», - նշել է Մասկը։
Վալտեր Այզեքսոնի հեղինակած գործարարի մասին կենսագրությունը կթողարկվի սեպտեմբերի 12-ին։ Այզեքսոնը նախկինում գրել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և Ալբերտ Էյնշտեյնի կենսագրությունը։
Նշենք, որ փետրվարին Մասկը հայտարարել էր, որ թույլ չի տա Starlink արբանյակների օգտագործումը հակամարտության սրման համար, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:
Starlink-ը արբանյակային ցանց է, որը նախատեսված է մոլորակի ցանկացած կետում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: Ներկայումս ուղեծրում կա մոտ 4,2 հազար Starlink արբանյակ։