
Ռուսաստանը չպետք է կանգ առնի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական ներկայիս պետությունը չի քանդվել․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամում գրել է, որ Կիևի ցանկացած հակահարձակում կճնշվի, և Ռուսաստանը չպետք է կանգ առնի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական ներկայիս պետությունը չի քանդվել:
«Օտար պատերազմը վաղ թե ուշ դառնում է ձանձրալի, ծախսատար և անտեղի: Իսկ մեզ համար դա ողբերգություն է մեր ժողովրդի մասնակցությամբ: Սա էկզիստենցիալ հակամարտություն է: Պատերազմ՝ ինքնապահպանման համար: Կամ նրանք, կամ մենք»,- գրել է Մեդվեդևը:
Նա կարծիք է հայտնել, որ արևմտյան իշխանությունները կփոխվեն, նրանց էլիտան կհոգնի և կխնդրի բանակցությունների և հակամարտության սառեցման համար։
«Ցանկացած հակահարձակում կթուլանա: Մենք չպետք է կանգ առնենք, քանի դեռ ներկայիս ահաբեկչական պետությունն իր էությամբ ամբողջությամբ չի կազմալուծվել: Այն պետք է հիմնովին ոչնչացվի։
Ավելի ճիշտ այնպես, որ դրանից նույնիսկ մոխիրը չմնա: Որպեսզի այդ նողկալիությունը երբեք, ոչ մի դեպքում չվերածնվի: Եթե դրա համար տարիներ և նույնիսկ տասնամյակներ են պահանջվում, ուրեմն այդպես էլ կլինի»,- գրել է Մեդվեդևը: