
Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը և շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ. Արցախի նախագահ

Առաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն մեղադրանքին, որ Լաչինի միջացքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն նույնիսկ փաստի առաջ է կանգնացել ՀՀ իշխանություններին:
«Հենց այս երթուղու ընտրությունը եղել է պահպանել մեր գյուղերը՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, և ընդունեինք այն ճանապարհը, ապա կկորցնեինք այդ գյուղերը և բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր հենց այս երթուղին, այսինքն ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը և դա վերջում ընդունեց և ՀՀ-ն և ՌԴ-ն և Ադրբեջանը: Եվ Հայաստանը մինչ այդ մրցույթ էր հայտարարել, նախագծային աշխատանքներ էր իրականացրել մինչ այդ, այսինքն երթուղու առումով բոլորի կողմից կար ընդհանուր հասկացողություն և բոլորն ընդունել են»,-ասել է նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ժամկետի առումով գնում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց տարբեր պատճառներով չստորագրվեց։ Սակայն ԱՀ նախագայի պնդմամբ՝ ինքն ունի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակը, որ օգոստոսի 5-ին ՌԴ խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը և տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի:
«Դա ԼՂԻՄ-ի տարածքում էր, ինչու եմ ԼՂԻՄ ձևակերպում, որովհետև ԼՂԻՄ-ի տարածքում ռուս խաղաղապահները այլ կարգավիճակով էին, իսկ միջանցքի տարածում այլ կարգավիճակում էին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ընդամենը մեր խնդիրն է եղել՝ փրկել մեր հայրենակիցների կյանքը, ուստի իրենք խնդրել են ռուս խաղաղապահներին 20 օր հետաձգել իրենց տեղափոխումը և այդ 20 օրվա ընթացքում կազմակերպել հայերի տեղահանումը, որպեսզի նրանք չմնային շրջափակման մեջ, քանի որ պատկերացնում են՝ ինչ վիճակ կլիներ, եթե ադրբեջանական զորքը մտներ Բերձոր, Աղավնո և մեր մի քանի հարյուր հայ մնար այնտեղ:
Արցախի նախագահը շեշտեց, որ նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից.
«Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը և շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ»: