
ԱՄՆ-ի բացահայտ ցանկությունը՝ կապված Ադրբեջանի հետ

Ամերիկան մտադիր է մի շարք երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանին, միացնել Աբրահամյան համաձայնագրերին, տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ազգամիջյան հակամարտությունների փորձագետ, Հարավային Կովկասի երկրների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը:
«Մերձավոր Արևելքում չդադարող հակամարտության ֆոնին ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույնս պաշտպանել տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցին՝ Իսրայելին։ Աբրահամյան համաձայնագրերին հրավիրում են միանալ նաև Ադրբեջանին, դա փաստացի արաբական երկրների և Իսրայելի միջև գործընկերության չհարձակման մասին պայմանագիրն է։ Թրամփը պատահական չէ, որ ցանկանում է ընդլայնել նշված համաձայնագրում ստորագրողների թիվը։ Ադրբեջանը սահմանակից է Իրանին, և դա է նրա գլխավոր արժեքն ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Այսինքն, եթե Ադրբեջանը միանա համաձայնագրին, ապա հետագայում միայն տեխնիկայի գործն է», - նշել Է գործակալության զրուցակիցը։
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամյան համաձայնագրերին (Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման համաձայնագրերին) կարող են միանալ 4-6 երկրներ, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանն ու Ադրբեջանը: