
Թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոց է արձակվել․ ՆԳՆ-ից պարզաբանում են

ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները ավտոբուսի կողային ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետք։
Երևանի ավտոբուս ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյբուքյան իր էջում հայտնել է․ որ
«Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։
Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից»։
Auroranews-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը փոխանցեց, որ այս պահին կրակոցի հաստատված փաստ չկա։
«90%-ով կրակոց չի դա, կամ տաք ու սառը հոսաքնից է եղել, կամ քար է եղել։ Կրակոցը այդպես չի լինում, կամ գնդակ է լինում կամ ինչ-որ տեղից դուրս է գալիս»,- հավելեց Սարգսյանը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։