1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան

Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը։ Արդյունքներն արդեն հրապարակված են։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: 

 

«Բուհ դիմածների ընդհանուր թիվը 13314 է, միայն միասնական քննություն հանձնողների թիվը 10966 է: 2023թ բուհերի ընդունելության մրցույթում՝ ներառյալ նաև ներբուհական մասնագիտությունները, ընդունվածների թիվը 9147 է: Անվճար տեղեր հատկացված էին 2128 հոգու համար, ընդունվել են 1782–ը, վճարովի տեղերի թիվը 15984 է, ընդունվել է 7242 դիմորդ»,- ասաց Նասիբյանը։ 

 

Անդրադառնալով միասնական քննությունների մրցույթին՝  նա նշեց, որ 7355 հոգի բուհ է ընդունվել, որից 1451-ը՝ անվճար, վճարովի` 5799: Միասնական քննություններից 2 դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների թիվը 1260 է: Նա նաև հավելեց, որ 366 դիմորդ մասնակցել է քննություններին, սակայն մասնագիտություն չի հայտագրել։ 
 

Բացի այդ, դիմորդների շրջանում ագրարային և մանկավարժական մասնագիտությունների նկատմամբ գրավչությունը ավելացնելու նպատակով առաջարկվում են փոփոխություններ․ վերանայվելու է կրթաթոշակի չափը։

 

«Նախատեսում ենք կտրուկ բարձրացնել կրթաթոշակի չափը։ Ներկայիս 5-6 հազար դրամի փոխարեն կսահմանվի 70-77 հազար դրամ։ Կրթաթոշակ տրամադրվելու է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի սովորող ուսանողներին։ Գերազանց սովորողները կստանան 10 տոկոս հավելավճար»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։

 

Նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։ Այն հաստատվելուց հետո հավանական է, որ հենց այս ուսումնական տարվա սկզբից ագրարային և մանկավարժական մասնագիտություններով ընդունված ուսանողները ստանան բարձրացված կրթաթոշակ։

 

Նախատեսվում է նաև կատարել փոփոխություններ ընդունելության մեխանիզմների վերաբերյալ։ Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է այն հարցը, ըստ որի ավագ դպրոցից, ինչպես նաև ագրարային ուղղվածության միջին մասնագիտական հաստատություներից Ագրարային համալսարան անցումը կապահովվի հեշտացված կարգով։

 

 

Քաղաքականություն