Քաղաքականություն

Իսրայել-Ադրբեջան համագործակցությունն ուղղված է նախևառաջ Իրանի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

Իսրայել-Ադրբեջան համագործակցությունն ուղղված է նախևառաջ Իրանի դեմ. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը.  «Խոստացել էի անդրադառնալ Իսրայելի ՊՆ ղեկավարի այցին Բաքու, բայց իրադարձությունների բերումով չէի…

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. 

 

«Խոստացել էի անդրադառնալ Իսրայելի ՊՆ ղեկավարի այցին Բաքու, բայց իրադարձությունների բերումով չէի հասցրել: Հիմա փորձեմ ամփոփ ներկայացնել այցին նախորդող ու հաջորդող որոշ հայտարարություններ: Այցի նախօրեին Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը կանգնած է Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի հետևում: 


«Իրանական ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, ինչպես տեսանք վերջին մի քանի օրերին Ադրբեջանում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի, ինչպես նաև վերջին ամիսներին Կիպրոսում և Հունաստանում՝ իսրայելցիների և հրեաների վրա հարձակման փորձերի ժամանակ»,- ասել էր Էլի Քոհենը: 

Նշեմ նաև, որ Իսրայելի ՊՆ նախարար Յոավ Գալանտի՝ Բաքու այցից երկու օր առաջ Ադրբեջանում Աֆղանստանի քաղաքացի էին ձերբակալել՝ նրան մեղադրելով ահաբեկչության փորձի մեջ: Տարբեր աղբյուրներ փորձում էին նրան ասոցացնել Իրանի հետ և ներկայացնել, թե իբրև հարձակման փորձ է եղել Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա: 

Ադրբեջան այցի շրջանակներում Իսրայելի ՊՆ նախարար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՊՆ նախարարի և մի շարք այլ պաշտոնյաների հետ: Հաղորդվող մամլո հաղորդագրություններն ընդհանրական էին, նշվում էր, որ քննարկվել են ռազմական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: 

Այցի վերջում իսրայելցի պաշտոնյան ամեն դեպքում հանդես եկավ հակաիրանական հայտարարություններով:

 

 «Վերջին տարիներին Իրանն աննախադեպ մասշտաբի համաշխարհային ահաբեկչական արշավ է իրականացնում՝ ուղղված ամբողջ աշխարհում իսրայելցիների և հրեաների դեմ: Վերջին տարիներին նման ավելի քան 50 փորձ է եղել: Դրանց մեծ մասը վերջին պահին կանխվել է: Շատ երկրների հետ սերտ համագործակցության և այն ըմբռնման շնորհիվ, որ Իրանը գլոբալ սպառնալիք է, մենք կանխել ենք այդ փորձերը և կյանքեր փրկել»,- հայտարարել էր Յոավ Գալանտը: 

Ուշագրավ է, որ հենց այցի օրերին հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդվածը: Իսկ Գալանտի այցից անմիջապես հետո 
Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին այցով ուղևորվում է Արևելյան Ատրպատական նահանգ: Նահանգը սահմանակցում է Հայաստանին, Նախիջևանին և Արցախից օկուպացված տարածքներին: Կարծում եմ, սա Իրանի կողմից սիմվոլիկ արձագանք էր Գալանտի այցին: 

Ընդհանուր առմամբ, պարզ է, որ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունն ուղղված է նախևառաջ Իրանի դեմ: Իրանը ներկայացվում է որպես «ահաբեկչական երկիր» ու դրա ֆոնին էլ Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում նաև Արևմուտքից: Սա, իհարկե, մեծ վտանգ է տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունության տեսանկյունից: Փաստացի, Ադրբեջանն իր քայլերով դարձել է ապակայունացնող գործոն մեր տարածաշրջանում: Իսրայելն աննախադեպ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, ուստի Ադրբեջանը դեռ պետք է վճարի այդ աջակցության գինը...»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250