
Իմ մայրը նման բառապաշար չունի. Մարիա Կարապետյանը` մոր հայհոյանքների մասին

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի։ Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ, անդրադառնալով համացանցում իրեն քննադատող գրառման տակ արված հայհոյախառն մեկնաբանություններին, ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Պատգամավորը նշեց, որ ինքն ու թիմակիցները սոցցանցերում պարբերաբար գրոհների են ենթարկվում։ Նա սա նման դեպքերից մեկն է համարում։
«Երբ ես նայում եմ իմ գրառումների տակ մեկնաբանություններին, ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է, որն արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ կազմակերպված ինչ-որ գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչներին, այս պարագայում՝ ինձ։
Եվ ես ենթադրում եմ, որ նախորդող օրերին, հատկապես ԵԱՀԿ վեհաժողովի շրջանում տեղի ունեցած գրոհի էֆեկտիվությունը ցածր գնահատելով կազմակերպիչները որոշել են, որ իմ անձն էլ ներգրավվեն դրա մեջ»,- նշեց նա։
Իշխանական պատգամավորը ևս մեկ անգամ կրկնեց, որ իր մայրը չի արել նման բան, չունի նման բառապաշար։
«Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին։ Ֆեյսբուքում իմ մոր ակտիվության դրսևորումներն ուսումնասիրելով կարող են եզրակացնել, որ մաքսիմում ինչ կարող է անել՝ իմ գրառումների տակ «Դիսնեյ» մուլտֆիլմի ստիկեռ դնելն է։ Կրկնում եմ՝ մայրս չի արել նման բան, չունի նման բառապաշար», - պարզաբանեց Մարիա Կարապետյանը։
Նա նաև հավելեց, որ չունի ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունցել, բայց, երբ գործուղումից վերադարձել է, ֆեյսբուքյան էջին նամակ է ստացել, որով փորձել են կոտրել սոցցանցի իր էջը։
«Այսինքն՝ այդ գրոհն այդ մասշտաբի էր հասել, ինչն իմ համար զարմանալի էր, ես չէի ակնկալում, որ այդ ուղղությամբ այդքան ջանքեր էր պետք գործադրել։ Ես տարբերում եմ քաղաքացիների քննադատությունը հայհոյախոսությունից։ Մի օգտատեր շատ վատ բառապաշարով մեկնաբանություն էր թողել իմ գրառման տակ, այնուհետև, իբրև թե երկխոսություն էր սկսվել իմ մոր հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ներկայացրեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը` Աիդա Հայրապետյանը, ֆեյբուքում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բոլոր այն քաղաքացիների հասցեներին որոնք քննադատել են նրա դստերը՝ հայկական Արցախն Ադրբեջանի մասը ճանաչելու մասին հայտարարության համար։
Նշենք, որ օրեր առաջ Կանադայում ընթացող ԵԱՀԿ վեհաժողովում ՔՊ-ական պատգամավորն իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։