Հայ պատանի ծանրորդները թիմային հաշվարկում առաջինն են ծանրամարտի ԵԱ–ում
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։
Երեկ՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 102 կգ քաշային Աշոտ Մարգարյանը՝ երկամարտի 312 կգ արդյունքով դառնալով բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ ԵԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ էր նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր ոսկե մեդալներին:
Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել էր նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Մովսիսյանը պոկել էր 145 կգ, հրել՝ 160 կգ՝ արժանանալով նաև առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին:
Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել էր Աննա Ամրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել էր երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։ Պոկում և հրում վարժություններում ևս Ամրոյանն արժանացել էր փոքր ոսկե մեդալներին:
Պատանեկան ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը պատանեկան ԵԱ-ին մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի, իսկ աղջիկների հավաքականը՝ Տարոն Թովմասյանի և Քրիստինե Պետրոսյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում դարձյալ զբաղեցրել էր թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ էին նվաճել երկամարտում:
Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էին ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց էին տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես հաղթանակներն եմ արժանապատիվ ընդունում, այնպես էլ՝ հարվածները. Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որն ընդգրկված է Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը եւ Անիտա Այվազյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալ...
«Անչափահաս տղան տնից զանգել է և նկարներ ուղարկել». Գիլոյանը մանրամասներ է հայտնել
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալ...