Գյումրեցի իրավապաշտպանը հարձակման է ենթարկվել քրեականի աշխատակցի կողմից

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետում քիչ առաջ հարձակման է ենթարկվել  Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանի կողմից։ Նա գրել էր, որ խանութում առկա են նաև տեսախցիկներ։ 

NEWS.am-ի հետ զրույցում կարապետ Պողոսանը մանրամասներ պատմեց միջադեպից: 

«Առավոտյան եկեղեցի գնալուց հետո, մտել եմ խանութ առեւտրի, մեկը բարեւեց, հարցրեց ինչպես եմ, ես իրեն չեմ ճանաչել, բայց  ասել եմ շնորհակալություն՝ մտածելով, որ ֆեյսբուքից է ինձ ճանաչում: Հետո ներկայացավ, որ քրեականի աշխատակից Արտակ Պողոսյանն է, ով 1 տարի առաջ ոստիկանության բաժնում կոտրել էր ձեռքս: Ես ընդամենն իրեն ասել եմ, ինձնից հեռու մնա, իր հետ որեւէ հարց չունեմ  քննարկելու, շրջվել եմ, որ հեռանամ, ինքը հետեւից հարվածներով եւ հայհոյելով հարձակվել է վրաս ու այդ ամենը խանութի տեսախցիկները ֆիքսել են»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ իր տեղեկություններով Արտակ Պողոսյանը ոստիկանության Մուշի բաժնի քրեականի պետի տեղակալն է: 

Նա նշեց, որ այս ամենը տեսնելով մեքենայից դեպի խանութ է վազել իր մայրը, ում նույնպես հարվածել է ոստիկանության քրեականի աշխատակիցը: 

Կարապետ Պողոսյանը նշեց, որ ոստիկանության աշխատակիցներն արդեն այցելել են իրենց տուն իր գրառման հետ կապված եւ հայտնել, որ արդեն առգրավվել են խանութի տեսախցիկները: 


 

Քաղաքականություն