Օնիկին ասացի՝ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց․ Գաբրիելյանով
Ազգությամբ հայ, ռուսաստանցի մեդիամենեջեր, News media հոլդինգի հիմնադիր, Հայաստանում անցանկալի անձ համարվող Արամ Գաբրիելյանովը, որի մուտքը ՀՀ արգելված է, «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված բացահայտումներ է արել.
Դրանցից մեկում Գաբրելյանովը նշել է, թե պատերազմում պարտությունից անմիջապես հետո Մոսկվայում հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ։ Դա Գասպարյանին վերաբերող զորահրամանատարների նամակից անմիջապես հետո է եղել:
«Օնիկին ասացի, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը հանձնել ժամանակավոր կառավարությանը, իսկ ես տեղեկատվական աջակցություն կտրամադրեմ։ Օնիկը պատասխանեց՝ «Թող Մոսկվան ուղիղ հրահանգ տա, և ես զորքը կհանեմ»: Ասացի՝ «ոչ ոք ուղիղ հրահանգ չի տա», ու բաժանվեցինք: Մնացածը արդեն գիտեք»,- գրել է Գաբրիելյանովը՝ հավելելով, թե «մեկի կեղծավորությունն ու սուտը, մյուսի վախկոտությունը սերտորեն փոխկապակցվում են և խեղդում Հայաստանը»:
Ավելի վաղ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի պատասխան ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունների, հանդես էր եկել մի շարք մեկնաբանություններով, որոնք առնչվում էին 2020 թվականի օգոստոսի 14-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին:
Նա նաև նշել էր. «Ինչ վերաբերում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ՝ գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել»:
Նշենք, որ պատերազմից հետո Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և կորպուսների հրամանատարները, հանդես էին եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը ևս մեկնաբանել էր Գասպարյանի հայտարարությունները՝ նշելով.
«Օնիկ Գասպարյանն իր՝ հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները՝ չընդգծելով Թուրքիայի գործոնը:
Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել:
Չնայած սրան՝ պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈՒ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...