ՌԴ Պետդումայում առաջարկել են ՄՌԿ-ների գործունեությունը կարգավորող օրենք մշակել
ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է օրենք մշակի, որը կկարգավորի մասնավոր ռազմական ընկերությունների գործունեությունը։ Այս մասին գրում է «Ведомости»-ն։
Պատգամավորը նշել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի ճակատագիրը դեռևս որոշված չէ։
«Նախ պետք է որոշել՝ ի՞նչ է լինելու նրա հետ, ի՞նչ ստորաբաժանումներ են մնալու։ Մնալո՞ւ են առհասարակ, թե՞ ոչ։ Ինչպե՞ս են կոչվելու: Ո՞ւմ են ենթարկվելու։ Ի վերջո, բացի այն ստորաբաժանումներից, որոնք գտնվում են հատուկ գործողության գոտում, կառույցի աշխատակիցներ կան նաև այլ վայրերում»,- ասել է Կարտապոլովը։
Պատգամավորները չեն նախատեսում արգելել ՄՌԿ-ների գործունեությունը.«Ինչի՞ համար արգելել. ի վերջո, բոլոր հարցերը դրանց ղեկավարի հետ են։ Իոսիֆ Ստալինն ասում էր՝ երեխաները պատասխանատվություն չեն կրում ծնողների համար։ Ով ապստամբություն է բարձրացրել, նա էլ պետք է պատասխան տա»։
Հիշեցնենք՝ Վագներ» ռազմական խմբավորման և ՌԴ ՊՆ-ի հարաբերությունները լարվել են։ Պուտինի նախկին խոհարար, «Վագների» առաջնորդ Պրիգոժինը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ Շոյգուն որոշել է ոչնչացնել իր խմբավորումը։ Նա կոչ է արել մարդկանց ոտքի կանգնել ու վերջ տալ Շոյգուի «ամենաթողությանը»։