Քաղաքականություն

Պատերազմի ավարտը կարող է սպառնալ Պուտինի իշխանությանն ու կյանքին. The Economist

Պատերազմի ավարտը կարող է սպառնալ Պուտինի իշխանությանն ու կյանքին. The Economist
Վլադիմիր Պուտինը մի առիթով իր մերձավոր շրջապատից ոմանց ասել է․ «Նրանք ինձ կկախեն», հայտնում է The Economist-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին, առանց նշված արտահայտության համատեքստը փոխանցելու։ Ըստ…

Վլադիմիր Պուտինը մի առիթով իր մերձավոր շրջապատից ոմանց ասել է․ «Նրանք ինձ կկախեն», հայտնում է The Economist-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին, առանց նշված արտահայտության համատեքստը փոխանցելու։ Ըստ «Դոժդ» պորտալի՝ պարբերականը ենթադրում է, որ պարտության ու իշխանությունը կորցնելու վախը կարող է ՌԴ նախագահին մղել ռազմական նոր էսկալացիայի։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ ընթացիկ ամռանը մի քանի շաբաթ քննարկումներից հետո Պուտինը, ըստ ամենայնի, որոշում է կայացրել գնալ պատերազմի խորացման։ Ռուսաստանի ղեկավարի հետ երկարամյա կապ ունեցող զրուցակիցը նշել է նաև, որ Պուտինը ԿՀՎ տնօրեն Ջոն Ռետկլիֆի վերջերս Մոսկվա կատարած այցելությունը դիտարկել է որպես ԱՄՆ-ի թուլության նշան։ The Economist-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը նույնկերպ է ընկալել նաև 2021 թվականի նոյեմբերին ԿՀՎ տնօրեն Բիլ Բըրնսի այցը, ով եկել էր ՌԴ նախագահին Ուկրաինա ներխուժելու մասին զգուշացնելու համար, սակայն երեք ամիս անց Ռուսաստանը նախաձեռնեց լայնամասշտաբ պատերազմ։


The Economist-ը հնարավոր էսկալացիան պայմանավորում է Կրեմլի վրա ներքին ճնշման ավելացմամբ։ Պատերազմի ավարտը առանց առնվազն նվազագույն նպատակի՝ ամբողջ Դոնբասի զավթման, կարող է ընկալվել որպես պարտություն և, հրատարակության կարծիքով, սպառնալ Պուտինի իշխանությանն ու կյանքին։ Միևնույն ժամանակ, պատերազմի շարունակումը ներկայիս ձևաչափով միայն վատնում է տնտեսական ռեսուրսներն ու քաղաքական կապիտալը։ Հետևաբար, էսկալացիան Պուտինին կարող է թվալ ռազմական գործողությունների ընթացքը բեկելու միջոց՝ առանց թուլություն դրսևորելու։ Ներքին ճնշման աճի մասին The Economist-ը դատում է մասնավորապես քաղաքացիների տրամադրություններից։ «Լևադա-կենտրոնի» տվյալներով, որոնք վկայակոչում է պարբերականը, հարցվածների 57%-ը երկրի իրավիճակը բնորոշում է որպես «լարված»՝ մատնանշելով պատերազմը, կորուստները, զորահավաքը և ապագայի անորոշությունը։ Ռուսաստանյան էլիտաների շրջանում տրամադրություններն «էլ ավելի մռայլ են», պնդում է պարբերականը։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ պատերազմի մոտ հինգ տարիներն ինքնին ձախողում են, անկախ դրա վերջնական արդյունքից։ Մեկ այլ զրուցակից փոխանցել է աճող այն զգացողության մասին, թե «թագավորը մերկ է»։ 


The Economist-ը նաև կարծում է, որ Ռուսաստանը կարող է մեծացնել դիվերսիոն գործողություններն ու հիբրիդային հարձակումները Ուկրաինայի դաշնակիցների դեմ, ինչպես նաև փորձել թիրախավորել մատակարարման երթուղիներն ու ռազմական արտադրանք թողարկող եվրոպական ընկերությունները։ Ընդ որում, արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ Պուտինը չի ձգտում ՆԱՏՕ-ի հետ ուղղակի բախման, ընդգծում է պարբերականը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250