ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վագների» մարտիկները հրաժեշտ են տալիս ռոստովցիներին

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում «Վագների» մարտիկները հրաժեշտ են տալիս ռոստովցիներին։ «Վագներ»-ի մարտիկները բեռնում են իրենց մեքենաները, հավաքում են իրերը, զինամթերքն ու տեխնիկան և պատրաստվում հեռանալ Ռոստովի փողոցներից։ 

 

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու  «Վագների» շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։

 

Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ այս պահին կա «Վագներ»-ի հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ։ 

 

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանակցությունները տևել են մոտ 1 ժամ։ 

 

«Վագներ» մասնավոր ռազմական խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է խմբավորման՝ մայրաքաղաքից հեռանալու մասին։

««Վագներ»-ը ցանկանում էին լուծարել: Հունիսի 23-ին մեկնել էինք Արդարության երթի։ Մեկ օրում մենք անցանք՝ մինչև Մոսկվա թողնելով 200 կիլոմետր։ Այս ընթացքում մեր կռվողներից ոչ մի կաթիլ արյուն չթափվեց, հիմա եկել է այն պահը, երբ կարող էր արյուն թափվել, ուստի հասկանալով, որ ողջ պատասխանատվությունը կընկնի կողմերից մեկի վրա, մենք շրջում ենք մեր շարասյուները և պլանի համաձայն հակառակ ուղղությամբ շարժվում դաշտային ճամբարներ», - ասել է Պրիգոժինը:

 

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինը մեղադրում է ՊՆ-ին իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: