Պրիգոժինը խոստանում է լուծել «Ռուսաստանը խայտառակած դավաճանների և հանցագործների հարցը»
Մեր երկրի ղեկավարությունը մոռացել է արդարություն բառը և այդ պատճառով իրենք կպատժվեն։ Այս մասին Ateo Breaking թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ հայտնել է «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
Ըստ ալիքի հրապարակումների՝ նա ասել է, թե այս գիշեր կլուծվի «Ռուսաստանը խայտառակած դավաճանների և հանցագործների հարցը»։
Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգում «Վագներ»-ի գրասենյակ է ուղարկվել Ազգային գվարդիան։ Ալիքը գրում է, որ ռուսական պետական լրատվամիջոցներին և թելեգրամյան ալիքներին արգելվել է նշել Պրիգոժինի որևէ հայտարարություն։
Նշենք, որ Պրիգոժինն այսօր հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Շոյգուն հրետանի ու ուղղաթիռներ է օգտագործել՝ իրենց ոչնչացնելու համար:
«Պետք է վերջ տալ այն չարիքին, որը կրում է ՌԴ ռազմական ղեկավարությունը։ Ով կփորձի դիմադրել, մենք կկործանենք։ Արդարությունը զորքերում կվերականգնվի, իսկ դրանից հետո՝ ողջ Ռուսաստանում»,- ասել է Պրիգոժինը։
Պրիգոժինը հայտարարել է նաև, որ Շոյգուն անձամբ է ղեկավարել օպերացիան։
ՌԴ ՊՆ-ն շտապել է հերքել այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «Վագների» թիկունքային ճամբարների վրա հարձակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարությունում։
Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է նա։