Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան

Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 

«Օրինակ, եթե Հայաստանը ուզենար գներ դա ռազմական գործողությունների ժամանակ, նրանք հաստատ արգելք կդնեին, որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։ Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»,– ասել է  նա։

 

Սամվել Մարտիրոսյանը ընդգծել է, որ մինչև Հայաստանում գրանցված դեպքերը, ռազմական գործողությունների ընթացքում ուրիշ ոչ մի ապացուցված դեպք տեղի չի ունեցել։

 

Հիշեցնենք` դեռ 2021 թվականից էին մարդիկ սկսել կասկածել, որ իրենց հեռախոսներում ինչ–որ լրտեսական ծրագրեր կան, ինչը որոշ ստուգումներից և ուսումնասիրություններից հետո հաստատվել էր։

 

«Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին «Pegasus»–ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ և այլք։

Քաղաքականություն

Պատահարներ