Մխիթարյանը կմասնակցի՞ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Ստամբուլում հունիսի 10-ին կայանալու է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։ 

 

Իտալական La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Ինտերի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կհասցնի վերականգնվել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչին մասնակցելու համար։ Նշվում է, որ Մխիթարյանը կապաքինվի վնասվածքից մինչև եզրափակիչը ու կհայտավորվի խաղին, սակայն կարող է մեկնարկային կազմում չլինել։ Բայց այդ դեպքում էլ խաղին հաստատ կմասնակցի՝ դուրս գալով փոխարինման։

 

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը մայիսի 16-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Միլանի» հետ պատասխան խաղում վնասվածք ստացավ ու փոխարինվեց խաղի 44-րդ րոպեին։ Մխիթարյանը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով Հենրիխը բաց թողեց հանդիպումները Ա Սերիայի «Նապոլիի» և Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Ֆիորենտինայի» դեմ։