ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցմունքի բավարարման դեպքում Գայանե Հակոբյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում․ փաստաբան
Եթե դատարանը բավարարի 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունը, ապա ենթադրվում է 4-8 տարվա ազատազրկման պատասխանատվություն, Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Միջնորդությամբ ներկայացվել էր խափանման միջոցի երեք հիմնավորում՝ փախուստը, նոր հանցանքի կատարումը և դատավարությամբ իր վրա դրված պարտականությունների չկատարելը, որը կարող էր դրսևորվել վկաների վրա անօրինական ազդեցությամբ։ Միջնորդության քննության ընթացքում դատախազն ու քննիչները հրաժարվեցին փախուստի հիմքից։ Ինչպես հասկացանք կամ տեխնիկական վրիպակ էր, կամ միջնորդության քննության ընթացքում են հանգել հետևության, որ պետք է հրաժարվել», - ասել է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ իր աշխատանքային պրակտիկայում սա աննախադեպ երևույթ էր։
Այն հարցին, թե ինչ պատասխանատվություն է սպառնում ցուցմունքի բավարարման դեպքում, փաստաբանը նշեց, որ 191-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանվում է 4-8 տարվա ազատազրկում, քանի որ համարվում է ծանր հանցագործություն։