Քաղաքականություն

Մենք չէի՞նք կարող սքաներ սարք տեղադրել նախապես՝ հակառակորդից մի քայլ առաջ ընկնել․ Սամվել Բաբայանը՝ Արցախում իրավիճակի մասին

Մենք չէի՞նք կարող սքաներ սարք տեղադրել նախապես՝ հակառակորդից մի քայլ առաջ ընկնել․ Սամվել Բաբայանը՝ Արցախում իրավիճակի մասին

«Արգելափակված ճանապարհ. ինչու՞ է շրջափակվել, ո՞վ պիտի բացի, ինչպե՞ս պետք է գործել» թեմայի շուրջ հանրային քննարկման ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ներկայացրել ստեղծված իրավիճակից ելքի և անելիքների իր տեսլականը։

 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը մինչև Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը մի շարք անգամներ ապատեղեկատվություն էր տարածում, թե իբր այդ ճանապարհով հայկական կողմը զենք-զինամթերք է տեղափոխում, ուստի կանխատեսելի էր, որ փորձելու է ինչ-որ քայլեր ձեռնարկել:

 

«Հակառակորդը մեզ ամեն օր մեղադրում էր զենքեր բերելու մեջ, այսինքն հուշում էր, որ շուտով կփակի ճանապարհը: Մենք չէի՞նք կարող սքաներ սարք տեղադրել նախապես՝ հակառակորդից մի քայլ առաջ ընկնել, օրակարգ թելադրել»,-ասել է Ս. Բաբայանը՝ կարևորելով արցախյան կողմի նախաձեռնողականությունը՝ Ադրբեջանի կողմից մարտահրավերներին դիմակայելու հարցում: Նրա համոզմամբ՝ Արցախում օրերս մեկնարկած ստորագրահավաքը ոչ մի արդյունք չի տալու, քանի որ նման փորձ եղել է նաև 90-ականներին, սակայն ապարդյուն:

 

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում անելիքներին բանախոսը կարծում է, որ եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում բացել Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը, ապա պետք է գոնե ավտոմեքենաների քանակն ավելացնեն՝ առաջին անհրաժեշտության հումանիտար ապրանքներն անընդհատ մատակարարվելով, որպեսզի Արցախում կարգավորվեն հերթերը և հնարավորին բնականոն կյանքով ապրեն մարդիկ:

 

«Պետք է ասենք՝ գոնե դա արեք, մինչև հասկանանք, թե ինչ է ուզում թշնամին: Գազը, էլեկտրականությունը, կապի մալուխները պետք է այդ ճանապարհով բերել. հարցը պետք է դնել գոնե այդ մասով: Մեր ճանապարհի հատվածը մինչև Եղցահող պետք ա կառուցենք»,- ասել է Սամվել Բաբայանը:

 

Նրա խոսքով ինքը չի եկել պատերազմելու, այդուհանդերձ, անհրաժեշտ է անցնել պրոֆեսիոնալ բանակի մեխանիզմին: «Մենք պետք է բանակ ստեղծենք, հզոր բանակ»,-ընդգծել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդը: Այնուհետև նա պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250