Վրիպակ էր․ Պենտագոնը՝ «Defender 23»-ի մասնակից երկրների շարքում Հայաստանին նշելու մասին

Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակիցների շարքում վրիպակ է եղել։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը։ 

 

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամուլի ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշվում է պատասխանում։

 

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել էր հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր: