Ադրբեջանցիները կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ 


Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:


Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել:
Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին»:

Քաղաքականություն