Ռուսաստանը համաձայնել է հացահատիկային գործարքը երկարացնել ոչ թե 120, այլ 60 օրով. ՌԴ ԱԳՆ

 Ռուսաստանն իր համաձայնությունը տվել է հացահատիկային գործարքը 60 օրով երկարացնելու համար։ Այս մասին РИА новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ գործընկերներին այդ մասին տեղեկացվել է ոչ միայն բանավոր, այլև հատուկ խողովակներով։ 


«Հացահատիկային գործարքի մասին կողմերից հաղորդումներ ենք տեսնում այն մասին, որ այն երկարացվել է 120 օրով։ Մենք` և՛ ԱԳՆ–ն, և՛ ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչները, բազմիցս հայտարարել ենք, որ ռուսական կողմը գործարքի բոլոր կողմերին ծանուցել է այն մասին, որ երկարացնում է այն 60 օրով», – ասել է Զախարովան։

 
Ուկրաինայից պարենի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություները կնքվել էին 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում 120 օրով և երկարացվել նոյեմբերին նույնքան օրով։ Համաձայնագրերից մեկը կանոնակարգում է Կիևի ենթակայության տակ գտնվող Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնի նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման կարգը։ 


Բացի այդ, հուշագրեր են ստորագրվել ՌԴ–ի և ՄԱԿ–ի միջև, ինչը ենթադրում է, որ համաշխարհային կազմակերպությունը կչեղարկի համաշխարհային շուկաներ ՌԴ պարարտանյութերի և գյուղմթերքի արտահանման սահմանափակումները։ Մոսկվան նշում է, որ պայմանագրի երկրորդ մասը չի կատարվում։

Քաղաքականություն